Նախկին ԽՍՀՄ երկրները դիրքորոշում են ձեւավորում Պաղեստինի պետության ճանաչման հարցում` ղեկավարվելով սեփական աշխարհաքաղաքական շահերից: Մի մասը հաշվի է առնում իր հարաբերություններն արաբների եւ թուրքերի հետ, մյուսները` ԱՄՆ-ի եւ  Եվրամիության: Բայց նույն այդ պատճառով որոշ երկրներ չեն կարողանում կողմնորոշվել, գրում է Izrus-ը:

Վերլուծական հոդվածում պարբերականը հետխորհրդային տարածքի բոլոր երկրները պայմանականորեն բաժանում է չորս խմբի: Առաջինում նրանք են, որ միանշանակ աջակցում են պաղեստինցիներին (Ռուսաստան, Ադրբեջան): Երկրորդ խմբում ԱՊՀ չորս մահմեդական երկրներն են, որոնք դեռ հստակ աջակցություն չեն հայտնել, բայց հավանաբար կողմ կքվեարկեն (Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղըղզստան, Տաջիկստան): Երրորդ խմբում այն երկրներն են, որ չեն աջակցում Պաղեստինի անկախությանը (Ուկրաինա, Վրաստան, Էստոնիա, Լատվիա): Եւ մնում են երկրները, որոնք դեռ չեն արտահայտվել տվյալ խնդրով (Բելառուս, Մոլդովա, Հայաստան):

Հայաստանը մինչեւ սեպտեմբերի 22-ը որեւէ կերպ չի հստակեցրել իր դիրքորոշումը տվյալ հարցում: Հայաստանը սերտ առնչություններ չունի Իսրայելի հետ, փոխարենը Կովկասում Իրանի ռազմավարական գործընկերն է: Միաժամանակ լավ հարաբերություններ ունի Լիբանանի եւ Սիրիայի հետ: Բայց մերձավորարեւելյան հարցերում Երեւանը որոշ դեպքերում լսում է Վաշինգթոնի ցանկությունները: Մինչ այս դա վերաբերում էր իրաքյան գործողությանը մասնակցելուն, ՄԱԿ-ում հակաիսրայելական բանաձեւերին դեմ քվեարկելուն: Որպեսզի չզայրացնեն արաբներին, հայերը դա անում էին հավասարակշռված: Օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի օրակարգում Պաղեստինի ճանաչման հարցն է, եւ առայժմ հայտնի չէ, թե ինչպես է քվարկելու Հայաստանը: