ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, համագործակցությունը շինարարության, ճանապարհաշինության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-բելառուսական առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը։

Քննարկվել են նաև հայաստանյան շինարարական տարբեր ծրագրերին բելառուսական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հարցեր։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և շատ հաճախ շինարարական, նախագծող ընկերությունների պակաս է զգացվում։ Հետևաբար ցանկալի կլինի այս գործընթացում տեսնել նաև բելառուսական ընկերությունների։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։