Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունն այն մասին, որ 1991թ. Հայաստանի բնակչության 60 տոկոսը դեմ է եղել անկախությանը, իսկ հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների ընդամենը 40 տոկոսը, հիմնված է միայն նրա ենթադրությունների վրա: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Հայաստանում անցկացվել է երեք ընտրություն, որոնք չեն կեղծվել` 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունը, 1991թվականի հանրաքվեն եւ առաջին նախագահի ընտրությունն է: Ահարոն Ադիբեկյանի ասած թվերը նրա ենթադրության արդյունքն են: Անհրաժեշտության դեպքում ես կարող եմ դա ապացուցել, որովհետեւ ինքս էլ այդ հանրաքվեին մասնակցել եմ»:
Վիրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ, լինելով Կոմունիստական կուսակցության անդամ, ինքն էլ մինչեւ հանրաքվեի օրը քարոզել է, որ պետք չէ պահանջել անկախություն, բայց գնացել եւ կողմ է քվեարկել: «Չգիտեմ, թե ինչ փաստերի հիման վրա է Ահարոն Ադիբեկյանը այդպիսի բան ասել, այդ երեք ընտրությունների արդյունքները որեւէ մեկի մոտ կասկած չեն հարուցում»:Նշենք, որ սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսում Ահարոն Ադիբեկյանը հայտարարել էր, թե 1991թ. անկախության հանրաքվեի նախօրեին Հայաստանի բնակչության 60 տոկոսը դեմ է եղել անկախությանը, իսկ հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների ընդամենը 40 տոկոսը:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ անկախության հանրաքվեին մասնակցել է 2 մլն. 56 հազար 792 մարդ, կամ ընտրողների մոտ 97 տոկոսը: Նրանցից անկախությանն «Այո» է ասել 2 մլն 42 հազար 617-ը կամ 94, 99 տոկոսը, «Ոչ»՝ 10 հազար մարդ:




























