Վայոց ձորի մարզում այսօր՝ մարտի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 155 կմ-ին՝ Վայք-Սարավան հատվածում, կցորդիչով բեռնատար ավտոմեքենա է այրվում: Հայտնում է shamshyan.com-ը:
Ճանապարհային ոստիկանները տեղում ժամանակավորապես դադարեցրել են երթեւեկությունը, մինչեւ հրշեջները կարողացել են մարել կցորդիչով բեռնատարում առաջացած խոշոր հրդեհը:
Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Վառվող ավտոմեքենայի պատճառով այրվել է նաեւ հրդեհի վայրին կից գտնվող կրպակը:
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:




























