Հյուսիսային Կորեան նոր ստորջրյա «անօդաչու» սարք է փորձարկել, որը կարող է միջուկային զենք կրել: Այս մասին մարտի 24-ին հայտնել են Փհենյանում: Ենթադրվում է, որ դրա առաքելությունն է գաղտնի հասնել օպերատիվ գոտի եւ ստորջրյա պայթյունի միջոցով առաջացնել «գերհզոր ռադիոակտիվ ցունամի»՝ հակառակորդի նավերի խմբերը եւ նրա հիմնական նավահանգիստները ոչնչացնելու համար: 

Նշվում է, որ սարքի փորձարկումը պատասխան է դարձել վերջերս ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին, որոնք, ԿԺԴՀ-ի կարծիքով, վատթարացրել են իրավիճակը տարածաշրջանային անվտանգության ոլորտում: Գործընթացին հետեւել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Կենտրոնական հետախուզական վարչությունը նաեւ հայտնել է, որ չորեքշաբթի՝ մարտի 22-ին, Փհենյանը փորձարկել է ռազմավարական թեւավոր հրթիռներ, որոնք «հագեցած են միջուկային մարտալիցք նմանակող մարտագլխիկով»։