Երկար ժամանակ Արեւմտյան շրջանակներում քննարկվում էր Ադրբեջանի ընդդիմությանն օժանդակություն ցույց տալու հարցը: Ադրբեջանական Tia.az կայքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Արեւմուտքում անսպասելիորեն որոշում են ընդունել սատարել ադրբեջանական ընդդիմադիր կուսակցություններին:

Տեղեկության մեջ ասվում է, որ ցուցաբերվելիք օժանդակության շրջանակներում նախատեսվում է բարձրացնել քաղաքական գործընթացներում նրանց մասնակցության մակարդակը եւ պաշտպանել նրանց հետապնդումներից: Այսինքն, եթե Արեւմուտքն ուժեղացնի ճնշումները Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, դրանով կնպաստի նաեւ ընդդիմության դիրքերի ամրապնդմանը` միաժամանակ թույլ չտալով, որ իշխանությունները բռնություններ կիրառեն երկրի ընդդիմադիրների հանդեպ:

Օժանդակության մասին տեղեկանալուց հետո Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերեմլիի եւ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբերի միջեւ բանակցություններ են տարվում 2012 թվի պատրաստությունների շուրջ: «Ընդդիմադիր ուժերը քննարկում են քաղաքական գործընթացում իրենց ակտիվության բարձրացման, առաջիկա տարվա սկզբին հիմնական պայքարը վերսկսելու եւ ռազմավարական բնույթի խնդիրներ, արդեն մի շարք հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել»,-հաղորդում է Tia.az-ը: