Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սեպտեմբերի 22-ին, ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին` ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բռունո Պաուլուսի պաշտոնավարման ավարտի եւ ռազմական կցորդի պաշտոնում գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսի նշանակման կապակցությամբ: 

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են ՊՆ մամուլի ծառայությունում, Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Բռունո Պաուլուսին իր պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական հարաբերություններում ունեցած մեծ ավանդի համար` նրան պարգեւատրելով «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով: 

Միաժամանակ շնորհավորելով գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսին ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի եւ կամրապնդվի: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-գերմանական ռազմական համագործակցությունը տարեցտարի զարգանում է` ընդգրկելով նոր ոլորտներ: