Իտալիան մտադիր չէ իր զորքերն ուղարկել Ուկրաինա։ Այս մասին ազգային խորհրդարանի Պատգամավորների պալատում հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իտալիան մարտադաշտ զորքեր ուղարկելու որեւէ մտադրություն չունի»,- ասել է պաշտպանության նախարարության ղեկավարը՝ խորհրդարանականներին բացատրելով Կիեւին Իտալիայի կողմից տրամադրվող ռազմական օգնության որոշ ասպեկտներ։

Խոսելով ժամանակակից «Samp/T» հակաօդային պաշտպանության համակարգի մասին, որը Իտալիան նախկինում համաձայնել էր ուղարկել Ուկրաինա Ֆրանսիայի հետ համատեղ, Կրոզետտոն նշել է, որ Հռոմը տրամադրում է «ոչ օպերատիվ բնույթի որոշ բաղադրիչներ», ինչպես նաեւ տրամադրում է «անձնակազմի անհրաժեշտ վերապատրաստում»:

«Համոզված եմ, որ ճիշտ է անձնակազմ պատրաստել՝ ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար։ Սա միջոց չէ, որն օգտագործվում է հարձակվելու համար, այն ծառայում է ռուսական հարձակումներից պաշտպանվելուն։ Ես բավարարված եմ, որ մենք կարող ենք պատրաստել մարդկանց, որոնք կարող են պաշտպանել ուկրաինական քաղաքները, հիվանդանոցները եւ ենթակառուցվածքները թշնամու հրթիռային հարձակումներից»,- նախարարի խոսքերն է մեջբերում Ansa գործակալությունը։