Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը հերքել է, որ իր որդին կարող էր որեւէ կապ ունենալ այսօր` սեպտեմբերի 23-ին, Երեւանում վնասազերծված ավազակախմբի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց. «Ես հերքում եմ: Իմ տղան ծառայության մեջ է եւ հենց հիմա գտնվում է ծառայության մեջ: Նա ծառայում է Քանաքեռի զորամասում, բայց գործուղված է ՊՆ քննչական վարչություն` որպես օպերատոր»: 

Նշենք, որ ավելի վաղ իր որդու մեղսակցության մասին տարածվող լուրերը հերքել էր նաեւ Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը: Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներին բռնել են: Ձերբակալվածների մեջ շրջանառվում են ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու, ՊՆ քննչական վարչության մի քննիչի որդու անունները: Հայտնի է դարձել, որ գործողության արդյունքում մահացել է մեկ մարդ: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Վաղ առավոտյան ոստիկանները հետապնդել են հանցագործության մեջ կասկածվող խմբին, որի սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի 60 OO 086  համարանիշով մեքենան փախուստի ժամանակ բախվել է փողոցի սյանը, ինչից հետո կասկածվող անձինք դուրս են նետվել մեքենայից եւ փորձել փախչել ոտքով: Ըստ քննչական խմբի անդամների` նրանցից երկուսին հաջողվել է բերման ենթարկել, իսկ երրորդը փախուստի ժամանակ, Մյասնիկյանի պողոտայի հարեւանությամբ գտնվող ժայռից վայր է ընկել եւ մահացել։  

NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ: