Գերմանիայում հատվել եւ շրջանառության մեջ է դրվել «Եվրոպայի հոր»՝ Կառլոս Մեծ կայսեր (Karl der Große, 748 - 814) ծննդյան 1275-ամյակին նվիրված երկու եվրո արժողությամբ նոր հուշադրամ։ Այս մասին հայտարարել է Ֆինանսների դաշնային նախարարությունը՝ Ֆրանկների թագավորի եւ Արեւմուտքի կայսրի ծննդյան օրվանից մի քանի օր առաջ․ նա ակնառու ներդրում է ունեցել եվրոպական մայրցամաքի պատմության մեջ: Պատմաբանները Կարլոս Մեծի ծննդյան օրը համարում են ապրիլի 2-ը, սակայն տարաձայնություններ կան թվականի  հարցում՝ 742, 747 կամ 748, հայտնում է DW-ն։

Կարլոս Մեծն առաջինն էր, ով Հռոմեական կայսրության անկումից հետո կարողացել է միավորել Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի մեծ մասը՝ դառնալով Կարոլինգյան կայսրության հիմնադիրը (800-887) եւ սկիզբ դնելով Կարոլինգյան Վերածննդին. գրականություն, ճարտարապետություն, կերպարվեստ, գիտելիքի կուտակում եւ տարածում վանքերում, որոնց հիման վրա հիմնվել են գրադարաններ եւ դպրոցներ։

Գերմանիայում այս դարաշրջանի գլխավոր ճարտարապետական ​​հուշարձանը Աախենի տաճարն է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Նոր մետաղադրամի ազգային կողմը ուրվագծելու համար օգտագործվել է ութանկյունի սխեմատիկ պատկերը, որի տեսքով կանգնեցվել է Աախենի Կառլոս Մեծի մատուռ-դամբարանը՝ տաճարի ամենահին մասը։

Դիզայնի երկրորդ տարրը կայսեր անձնական մոնոգրամն է: Այստեղ նշվում է նաեւ թողարկման տարեթիվը, որից աջ գրված է «D» տառը (Deutschland - Գերմանիա), որը նաեւ գերմանական հինգ դրամահատարաններից մեկի տառն է («A», «D», «F», « G» կամ «J»):

Հուշադրամի եզրին, բացի գերմանական օրհներգի «Einigkeit und Recht und Freiheit» (Միասնություն, օրենք եւ ազատություն) առաջին բառերից, նշված են նաեւ էսքիզի հեղինակի՝ բեռլինյան նկարիչ Թոբիաս Վինենի անվան եւ ազգանվան սկզբնատառերը։

Մյուս կողմում տպագրված է ստանդարտ պատկեր՝ Եվրամիության քարտեզ առանց ներքին սահմանների։ Հուշադրամի՝ եվրոգոտու պաշտոնական վճարման միջոցի ընդհանուր շրջանառությունը կկազմի 20 միլիոն օրինակ։