Այսօր հայտարարել մարտի 1-ի էջը փակելու մասին, նշանակում է ցինիկաբար արհամարհել մի ողջ ժողովրդի: Այս մասին ՀԱԿ-ի հանրահավաքի իր ելույթում հայտարարել է 2008-ի մարտի 1-ի 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանն ու հավելել. «Ես չեմ հավատացել Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, որ նա տվել էր քննչական խմբին»:

Նա նշեց, որ մարտի 1-ին կարող էին զոհվել ոչ թե իրենց որդիները, այլ այլ անձինք, սակայն եղան իրենց որդիները, ովքեր ազատության համար պայքարող մարտիկներ էին:

Ազատամարտի Ռազմիկ Պետրոսյանն էլ ասաց. «Դուք այն սերունդն եք, որ պայքարեցիք անկախության կերտման, արցախյան պատերազմում հաղթանակը կերտելու, իսկ այսօր արդեն անկախությունը վերանվաճելու համար, սակայն մեր ձեռքբերումները վերջին տարիներին գրեթե ամբողջությամբ մխսվեցին: Պատերազմի դաշտում հաճախակի մտածում էինք` հնարավոր է, որ պատերազմի դաշտից փախածները վերադառնան, հարստանան, ու իսկական նվիրյալի համար նեղ լինի մեր հայրենիքը: Մենք դրան չէինք հավատում, բայց այսօր տեսնում ենք այդ փաստը»:

Ազատամարտիկը խոսեց նաեւ բանակի մասին` ցավ հայտնելով, որ խայտառակ դեպքեր են կատարվում հայրենի բանակում: «Մեկ լուծում ունենք` նորմալ, լեգիտիմ իշխանության հաստատում»,- իր դեղատոմսն առաջարկեց նա: