2022 թվականին աշխարհում պարենային ապրանքների գները 2021 թվականի համեմատ աճել են 18 տոկոսով, իսկ պարարտանյութերը թանկացել են 63 տոկոսով։ Այս մասին ասվում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում։

«Պարենային ապրանքների գները նույնպես խիստ տատանվել են 2022 թվականի ընթացքում. հունվարից մայիս դրանք աճել են 19 տոկոսով, իսկ հետո մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նվազել են 15 տոկոսով։ Մեկ տարվա ընթացքում պարենի գները 2021 թվականի համեմատ աճել են 18 տոկոսով, ներառյալ հացահատիկի գների աճը՝ 21 տոկոսով»,-ասվում է զեկույցում։ 

ԱՀԿ-ի տվյալներով՝ պարարտանյութերի գինը մեկ տարվա ընթացքում աճել է 63 տոկոսով։

Կազմակերպությունը նշել է, որ պարենամթերքի գնի աճը պետք է խթանի գյուղատնտեսական արտադրության աճը։ Դա, իր հերթին, պետք է բարձրացնի սննդամթերքի մատչելիությունը եւ հանգեցնի գների նվազմանը։