ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների կողմից սեպտեմբերի 23-ի երեկոյան կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ եւ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի այցի: 

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Սփյուռքի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության մի խումբ ներկայացուցիչներ նախագահի հրամանագրերով պարգեւատրվել են մեդալներով եւ շքանշաններով: ՀՀ պետական բարձր պարգեւների մի մասը Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ընդունելության ժամանակ:

Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի եւ դրսեւորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը (ԱՄՆ) պարգեւատրվել է Պատվո շքանշանով:

Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադիր Ռիթա Պալեանը (ԱՄՆ) պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգեւոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արեւելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Մխիթար Գոշի մեդալով են պարգեւատրվել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: