Գրոհայինները Նիգերիայի Զամֆարա նահանգում, որը «թեժ» կետ է եւ հայտնի է նրանով, որ փրկագնի դիմաց մարդկանց են առեւանգում, առնվազն 80 մարդ են առեւանգել, հիմնականում կանայք եւ երեխաներ, տեղեկացրել է Reuters-ը։
Վերջին տարիներին ավազակախմբերը հարձակվել են տեղի համայնքների վրա Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում, իսկ իսլամիստ գրոհայինները շարունակում են հարձակումներ գործել հյուսիս-արեւելքում։
Տեղի երեք բնակիչների խոսքով՝ վերջին առեւանգումը տեղի է ունեցել ուրբաթ Վանզամայ գյուղում (Զամֆարա)։ Զամֆարան նահանգներից մեկն է, որն ամենից շատ է տուժել մարդկանց առեւանգումներից։
Տեղի բնակիչ Մուսա Ուսմանը, որի 14-ամյա որդին՝ Իբրահիմը, առեւանգվածների մեջ էր, պատմել է, որ գյուղի կանայք եւ երեխաները մաքրում էին հողը գյուղատնտեսական աշխատանքների համար եւ ցախ էին հավաքում, երբ նրանց առեւանգել են զինված մարիդկ եւ տարել մոտակա անտառ։
Զամֆարայի ոստիկանության ներկայացուցիչ Մոհամեդ Շեհուն հաստատել է միջադեպը, բայց չի ասել, թե քանի մարդ է առեւանգվել։ Նրա խոսքով՝ ոստիկանությունն աշխատում է զինվորականների եւ հասարակական պահապանների հետ՝ զոհերին փրկելու համար։
Առեւանգիչները Նիգերիայում հաճախ իրենց զոհերին պահում են ամիսներով, եթե փրկագին չի վճարվում, ինչպես նաեւ պահանջում են, որ գյուղաբնակները վճարեն պաշտպանության համար, որպեսզի նրանց թույլ տան զբաղվել գյուղատնտեսությամբ եւ բերք հավաքել։
Նիգերիացի զինվորականները ռմբակոծում են զինված ավազակախմբերի ճամբարները, բայց հարձակումները շարունակվում են։





























