Անգլիացի գրող Չարլզ Դիքենսի նախկինում անհայտ նամակը մայիսի 10-ին Նյու Յորքում՝ Lion Heart Autographs-ում, 4500 դոլարով աճուրդի կհանվի, հայտնում է The Times թերթը:

Ըստ թերթի՝ նամակը հասցեագրված է ֆրանսիացի դերասան եւ դրամատուրգ Ֆրանսուա Ժոզեֆ Ռենյեին (1807-1885), որին Դիքենսը դիմել է ֆրանսիացի կատակերգակ Մոլիերի (1622-1673) մահվան հանգամանքները նկարագրող աղբյուրների մասին տեղեկություններ ստանալու համար։

«Թանկագին Ռենյե, իմ ընկերներից մեկը՝ հայտնի նկարիչը, պատրաստվում է պատկերել Մոլիերի մահը։ Չկա մեկը, ով ավելի լավ տեղեկացված լինի այդ հարցում, քան դու», - նշվում է հին նամակում։

Հետազոտողները ենթադրում են, որ գրողը նկատի ուներ անգլիացի ականավոր նկարիչներից Չարլզ Ռոբերտ Լեսլիին (1794-1859) կամ Ուիլյամ Փաուել Ֆրիթին (1819-1909): Սակայն, դրամատուրգ Մոլիերի մահը պատկերող նկարի մասին «ոչ կատալոգներում, ոչ էլ Կերպարվեստների թագավորական ակադեմիայի 1849-1850 թվականների ցուցահանդեսների վերաբերյալ զեկույցներում որեւէ հիշատակություն չկա», - պարզաբանել է Բելֆաստի Քուինսի համալսարանի գիտնական Լեոն Լիտվակը (Հյուսիսային Իռլանդիա):