Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք։

ՀՀ նախագահը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ասել է. «Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ Ձեր այցը դիտարկում է հենց այդ տեսանկյունից»։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը` անկախությունից ի վեր մեր երկրին ցուցաբերվող համակողմանի աջակցության համար։

Քննարկելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարը` կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը։

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների յուրահատուկ վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ։ Երկուստեք նշվել է, որ ամերիկահայերը երկու երկրները կամրջող ամուր օղակ են։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանի անվտանգության խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Նախագահ Սարգսյանին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ուղերձը։