Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր հայտարարել է, որ պատրաստ է Իրանի միջուկային ծրագրի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ առաջարկվող համագործակցությանը։ «Բարեբախտաբար, միջուկային ոլորտում միջազգային համագործակցության պայմաններ են ստեղծվել»,-ասել է նա, հավելելով, որ աշխարհի գերտերությունները եւս պետք է կատարեն իրենց պարտավորությունները։

Ահմադինեջադը չի հստակեցրել` արդյո՞ք Իրանը ընդունելու է անցած շաբաթ Վիեննայում ներկայացված առաջարկը, թե՞ փոփոխություններ է պահանջելու դրանում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ներկայացված առաջարկով նախատեսվում է ուրանը հարստացման նպատակով Իրանից տեղափոխել Ռուսաստան եւ Ֆրանսիա, ապա վերադարձնել Իրան` Թեհրանի միջուկային ռեակտորը աշխատեցնելու համար։ Առաջարկը նպատակ ունի մեղմել մտահոգությունները, որ Իրանը ուրանը հարստացնում է միջուկային զենք ստեղծելու համար։ Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչը իր երկրի պաշտոնական պատասխանը այսօր Վիեննայում կփոխանցի գործակալության ղեկավար Մոհամեդ Էլ Բարադեյին։