Հարցազրույց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:
Պրն Վարդանյան, Հայաստանը վաղուց հայտնի է որպես ծրագրավորողների երկիր: Քանի՞ ծրագրավորող կա հիմա Հայաստանում:
Վերջին տվյալներով` տեղեկատվական տեխնելեգիաների ոլորտի ինժեներական մասն ունի մոտ 5500 մասնագետ, իսկ հեռահաղորդակցության ոորտում ինժեներական հատվածի քանակը մոտ 5000 հոգի է: Եթե այս թվերին ավելացնենք նաեւ սպասարկող անձնակազմը` աշխատաշուկայի ընդհանուր քանակը կկազմի մոտ 20 հազար:
Մեր կրթական համակարգը կարողանո՞ւմ է նախկինի պես բարձրակարգ ծրագրավորողներ պատրաստել:
Մենք շարունակում ենք մնալ կրթության 20 տոկոս արդյունավետության սահմաններում: Ներկայում շրջանավարտների մոտ 15-20 տոկոսն է պատրաստ աշխատելու: Ծրագրավորողների նկատմամբ պահանջարկը մեր գնահատակով տարեկան 2000 հոգի է, այսինքն` տարեկան մոտ 1500-2000 աշխատատեղ մնում է չբավարարված: Այս շուկան ունի իր առանձնահատկությունները` գործարար ծրագրերը 3 կամ 5 հոգու համար չեն մշակվում: Առաջարկները գալիս են հետեւյալ կերպ` անհրաժեշտ է ասենք 300 հոգանոց ինժեներական ստորաբաժանում, ու եթե դա հնարավոր չէ բավարարվել, պարզապես ներդրում չեն անում: Իսկ գործնականում 300 հոգին հնարավոր չէ ապահովել, այսօր դժվարություններ կան անգամ 1-2 հոգու գտնելու առումով: Մեր համալսարանները գոնե տարեկան 2000 հոգի պետք է արտադրեն, որ շուկայում այդ ավելցուկը ձեւավորվի:
Շատ է խոսվել Հայաստանից ծրագրավորողների արտահոսքի մասին: Այսօր ինչպե՞ս է վիճակը:
Այո, մեր փորձված ծրագրավորողները հեռանում են հայտնի միջազգային ընկերություններում աշխատելու: Իմ կարծիքով` դա կապված է թույլ նպատակադրման հետ, այսինքն` եթե լուրջ ինժեներական լուծումների ցանկությունը չունես, մոտիվացիան կենտրոնանում է ֆինանսական տարբերությունների վրա: Պարզ է, որ դրսում շուկան ավելի արագ է աճում, ու մենք կորցնում ենք որակյալ մասը: Ինժեներների թիվը վերջին տարիներին գրեթե չի փոխվում` մնում է այդ 5000-ին սահմաններում: Վերջին մեկ տարում ծրագրավորողների ու ինժեներների արտագաղթը արագացել է, տարեկան 200-300 հոգի գնում են: Պետք է խրախուսել տեխնոլոգիական ձեռներեցությունը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց սեփական ձեռնարկությունները ստեղծել, քանի որ Հայաստանի շուկան լրիվ դատարկ է: Նշեմ, որ այս նույն խնդիրը հատուկ է նաեւ Ռուսաստանին, որտեղ հետազոտությունները ցույց են տալիս, որ ծրագրավորողների մոտ 80 տոկոսը ցանկություն ունեն լքելու Ռուսաստանը: Այսինքն` 2 մաս ունի խնդիրը. դրսում շուկան արագ է աճում, իսկ ներքին շուկայում աշխատանքի ֆրոնտ չկա:
Բայց Հայաստանում ծրագրավորողներն ամենաբարձր աշխատավարձն են ստանում:
Բայց դա 10 անգամ պակաս է ԱՄՆ նույն մասնագետի վարձատրությունից: Պետք է այնպես անել, որ մարդը Հայաստանում հետաքրքրվի սեփական ծրագրերով, մոտիվացիան լինի ինքնաիրացումը, սեփական երկրին ծառայելը եւ այլն:
«Հայկական ծրագիր» գաղափար գոյություն ունի՞:
Հայաստանում ծրագրային արտադրանքի 60-70 տոկոսը արտահանվում է: Մեր ընկերություններից շատերը հանդիսանում են արտասահմանյան ընկերությունների ինժեներական կենտրոններ, որոնց մարկետինգը դրսում է, եւ բրենդինգն էլ դրսինն է: Այսինքն` մեր մասնագետների լուծումները վաճառվում են որպես ամերիկայն կամ ճապոնական արտադրանք: Բայց ներքին շուկայում պրոդուկտներ կան, կան ընկերություններ, որ հիմնականում ներքին շուկայի համար են աշխատում, մշակում են հաճախորդների կառավարման համակարգեր, ձեռնարկությունների կառավարման համակարգեր եւ այլն:
Իրավիճակը փոխվում է, աստիճանաբար Հայաստանը սկսում է դիտարկվել որպես բրենդ, բայց ոչ թե ծրագրավորման շուկայում, այլ կոմպլեքս ինժեներական լուծումների շուկայում, որը ներառում է եւ ծրագրավորում, եւ մեխանիկա, եւ ինդուստրիալ ավտոմատիկա: Այսօր արդեն մեր ընկերությունները Սաուդյան Արաբիայում, Սինգապուրում, Թաթարստանում այդպիսի լուծումներ են առաջարկում, որը Հայաստանի նկատմամբ որոշակի հետաքրքրություն է առաջացնում: Արդեն լուրջ ընկերություններ իրենց ինժեներական ստորաբաժանումներն են այստեղ բացում, օրինակ` «Սինգապուր Տեքնոլոջիք Կինետիքս», «Դե Լինք» եւ այլն: «Սինգապուր Տեքնոլոջիք»-ը աշխարհի ամենախոշոր տեխնոլոգիական ընկերություններից մեկն է, եւ իր Կինետիքս ստորաբաժանումը նաեւ ռազմաարդյունաբերության մեջ լուրջ ընկերություն է: Կարծում եմ` հեռանկարներն այդ մասում են` կոմպլեքս լուծումերի առաջարկ: Սա ավելի դժվար ճանապարհ է, քան ծրագրավորման շուկան, որտեղ կարելի է արագ մտնել` սոցիալական ցանցերի, խաղերի միջոցով, բայց այդ ճանապարհն ավելի հիմնավոր է եւ հեռանկարային:
Ի՞նչ առաջարկներ ունեք շուկան զարգացնելու համար:
Դիմել ենք նախագահին` պոլիտեխնիկական ինստիտուտի ռեսուրսը օգտագործել եւ հասնել նրան, որ պոլիտեխնիկը տարեկան 2000 հոգի ծրագրավորող տա: Ու նաեւ խնդրել ենք, որ իր հովանու տակ վերցնի տեխնոլոգիական ձեռներեցության շարժումը, քանի որ երիտասարդությունը դժվար է գնում դեպի տեխնոլոգիական ձեռներեցություն` վախենալով կամ չհասկանալով, հեռանկար չտեսնելով: Ունենք դրական արձագանք, պոլիտեխնիկում քննարկում ենք ամենաժամանակակից լաբորատորիայի ստեղծման հարցը: Մեր միությունը պատրաստ է դասախոսներ տրամադրել, եւ առաջարկություն ունենք նաեւ ստեղծելու հիմնադրամ` արտասահմանից գոնե տարեկան մոտ 10 լավագույն դասախոսների հրավիրելու համար: Քննարկում ենք նաեւ գիտահետազոտական խնդիրները քաջալերելու եւ դրա հիման վրա փոքր ձեռնարկություններ ստեղծելու հարցը: Հիմա լավ շրջան է այն առումով, որ մասնավորը պետության հետ համաձայնության են եկել այդ հարցերը լուծելու:
Զրուցեց` Սամվել Ավագյան



























