Երեւանի պետական համալսարանում այսօր` սեպտեմբերի 26-ին, բացվեց  «Կրթությունը, գիտությունը եւ տնտեսությունը բուհերում, ինտեգրում միջազգային կրթական տարածքում»  թեմայով միջազգային գիտական կոնֆերանսը, որին ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը, Հայաստանի կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ խորհրդանշական է, որ գիտաժողովի անցկացումը համընկավ Հայաստանի անկախության 20-ամյակին: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ կառավարությունը երկրի տնտեսության ապագան տեսնում է մարդկային պոտենցիալի զարգացման եւ մրցունակ հասարակություն ստեղծելու մեջ: Այդ առումով, միջազգային կրթական տարածք ինտեգրվելը, ըստ վարչապետի, անհրաժեշտ է կրթական հետագա մրցունակության համար, որպեսզի հնարավոր լինի ստեղծել որակյալ կադրեր:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Գիտաժողովի հայաստանյան կողմի կազմակերպչական մասի ղեկավար Արա Իսպիրյան լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիտաժողովին մասնակցում է 120 պատվիրակ` Ռուսաստանից, Ղազախստանից, Լեհաստանից, Հայաստանի, Սլովակիայից, Կանադայից:

Նրա խոսքով`  գիտական կոնֆերանսը կազմակերպվում է 3 տարին մեկ եւ արդեն 4-րդ անգամ է տեղի ունենում: «Գիտաժողովի ժամանակ գիտնականները քննարկում են իրենց թեզերը, աշխատանքները, պաշտպանությունները»,- նշեց Արա Իսպիրյանը:Նշենք, որ գիտաժողովը տեւելու է սեպտեմբերի 26-ից 30-ը: