Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, սեպտեմբերի 24-ին, այցելել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոց, որտեղ տեղի ունեցած հանդիսության ընթացքում դպրոցին է հանձնել Հայաստանի ԿԳՆ կողմից տրամադրված ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, դասատետրեր եւ կրթական այլ նյութեր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը դպրոցի ուսուցչական կազմի  եւ աշակերտական ծնողկոմիտեի անդամների հետ քննարկել է դպրոցի առաջ ծառացած խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները: ՀՀ դեսպանը հավաստիացրել է, որ դեսպանությունը մշտապես կաջակցի դպրոցին ուսուցումն առավել արդյունավետ եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցն Նիդերլանդներում ամենամեծն է եւ ունի մոտ հարյուր սան: