Երեւանի քաղաքապետարանը, սեպտեմբերի 27-ից, Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ անցկացվելու է քաղաքային տրանսպորտի աշխատանքի մոնիտորինգ, որին պետք է մասնակցեն Երեւանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները` երթեւեկելով բացառապես հասարակական  տրասպորտով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հավելել է, որ առանձին մոնիտորինգներ պետք է անցկացվեն նաեւ քաղաքացիների շրջանում` լսելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները, իսկ մոնիտորիգների արդյունքները կամփոփվեն մինչեւ աշխատանքային շաբաթվա ավարտը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում քաղաքամերձ երթուղայիններին հատկացված կանգառագոտիներից դուրս կայանելու համար կազմվել է 7 վարչական արձանագրություն:

Տ. Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամանկահատվածում ապահովել Երեւանի բոլոր դպրոցներին եւ մանկապարտեզներին հարակից փողոցների հետիոտն անցումների գծանշումը: 

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ հսկողություն սահմանել ստորգետնյա անցումների եւ քաղաքային շուկաների սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովման ուղղությամբ: Առողջապահության նախարարության հետ համատեղ նախատեսվում է անցկացնել հատուկ ստուգայցեր եւ միջոցառումներ են ձեռնարկվելու իրավիճակը շտկելու համար:

Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաեւ թափառող շների հարցին եւ հանձնարարել, որ, «Յունիգրաֆ Իքս» ընկերության հետ համատեղ, միջոցառումներ ձեռնարկվեն խնդիրը լուծելու ուղղությամբ:

Զեկուցվել է նաեւ, որ շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Տարոն Մարգարյանը հատուկ ուշադրություն է հրավիրել բազմաբնակարան շենքերի վիճակին եւ առաջարկել վարչական շրջանների աշխատակազմերին համատիրությունների հետ համատեղ կատարել գույքագրում եւ տալ առկա վիճակի մոտավոր գնահատական: