Հայաստանի վարչական դատարանը` դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 26-ին քննել է Հայաստանի ԱԳՆ-ի դեմ քաղաքացի Արտակ Բեգլարյանի հայցադիմումը: Արտակ Բեգլարյանն ԱԳՆ-ին մեղադրում է իր նկատմամբ խտրականություն դրսեւորելու մեջ, եւ որպես բարոյական վնասի փոխհատուցում մեկ դրամ է պահանջում ԱԳՆ-ից: Նա նաեւ պահանջում է վերացնել ԱԳ նախարարի որոշումը եւ իրեն թույլատրել մասնակցել Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության քննություններին:
Արտակ Բեգլարյանը մանուկ հասակում ականի պայթյունից կորցրել է տեսողությունը, սակայն դա չի խանգարել, որ նա 2006-2010թթ. սովորի եւ գերազանցությամբ ավարտի Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտություն բաժնի բակալավրիատը: 2011 թ. հունվարի 26-ին նա փորձել է դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոցում սովորելու համար, սակայն ԱԳՆ-ում մերժել են ընդունել դիմումի փաստաթղթերը: ԱԳՆ-ն իր մերժումը պատճառաբանել է հենց Բեգլարյանի կույր լինելու հանգամանքով, ինչն, ըստ հայցվորի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի, խտրականության դրսեւորում է: Արտակ Բեգլարյանը մի քանի անգամ փորձել է բողոքարկել որոշումը, սակայն ապարդյուն. ԱԳՆ-ից հայտնել են, որ կրթական գործընթացում չկան համապատասխան տեխնիկական պայմաններ:
Երեկ կայացած դատական նիստում Արգիշտի Ղազարյանը լսել է հայցվորի ներկայացուցչին, նաեւ գործում որպես պատասխանողներ ճանաչված ԱԳՆ-ի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներին: Գործով որոշումը կայացվելու է հոկտեմբերի 10-ին:




























