Մի քանի օր է գյումրեցիների խոսակցության հիմնական թեման է դարձել «Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող բնակարանանային շինարարության աշխատանքների հոկտեմբերի 1-ից դադարեցման մասին լուրերը: 

Երկրորդ օրն է բազմաթիվ խուճապահար գյումրեցիներ զանգահարում կամ այցելում են «Շիրակ Կենտրոն» ՀԿ կամ մարզային հեռուստաընկերությունների գրասենյակներ այդ լուրը ճշտելու համար:Այս առնչությամբ, հաղորդագրություն է տարածել «Շիրակ Կենտրոնը», որում, մասնավորապես, ասվում է.«Բարեբախտաբար շինարաությունը դադարեցնելու մասին մտավախությունները այս անգամ անհիմն էին: Շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին խոսակցությունները հերքեց նաեւ ՀՀ քաղշին նախարար Վարդան Վարդանյանը, ով այսօր բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը անցկացնելու նպատակով գտնվում է Գյումրիում: 

Ավելացնենք, որ ՀՀ կառավարության աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում Գյումրիի «Մուշ-2» թաղամասում մինչեւ տարեվերջ շահագործման է հանձնվելու 1544, իսկ «Անի» թաղամասում՝ 212 բնակարան: Այս պահին դեռեւս կատարվում են ներքին հարդարման աշխատանքները։

Գյումրու անօթեւանների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից 1051-ը բնակբաշխման 1-ին փուլում` 2010 թ.-ին ստացան բնակարաններ, իսկ ներկա դրությամբ բնակբաշխման հանձնաժողովին է հանձնվել մոտ 2290 գործ, որից ընթացիկ տարում բնակարան կստանան միայն 1756-ը, իսկ հերթացուցակում հաշվառված մնացած անօթեւան ընտանիքններին բնակարաններով ապահովելու խնդրին ՀՀ իշխանությունները խոստացել են անդրադառնալ հաջորդ տարի»: