Հայաստանը, միանալով «Գրավոր ժառանգություն» նախաձեռնությունների շարքին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում. հոկտեմբերի 1-ի հանդես կգա բնօրինակ սեպագրերի ցուցահանդեսով` շեշտելով ուրարտական գրության տեղը գրավոր մշակույթի ակունքներում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:
Թանգարանի ներքին բակում կազմակերպված փոքրիկ ցուցահանդեսը այցելուին կառաջարկի նաեւ 5 թեմատիկ պաստառներ` ներկայացնելով գրավոր ժառանգության պատմության հիմնական փուլերը` հազարամյակներ առաջ ստեղծված ժայռապատկերներից մինչեւ «Գուտենբերգ՚ նախագիծ եւ էլեկտրոնային գրադարան: Նրանց փոխանցմամբ` թեմայի ընտրությունը պայմանավորում են 2012թ. նշվող երկու կարեւոր մշակութային իրադարձություններ` Հայ գրատպության 500-ամյակը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանի հռչակումը Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ի դեպ, ցուցահանդեսը կգործի մինչեւ 2011թ. նոյեմբերի 1-ը :
Նշենք, որ այս տարի արդեն 26-րդ անգամ, 1985թ. ի վեր, Եվրոպական մշակութային կոնվենցիայի 50 անդամ-պետություններ հանդես կգան հանուն եվրոպական ժառանգության ճանաչման` Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո: Չնայած մշակութային եւ լեզվական բազմազանությանը` Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիներ կհամախմբվեն «Եվրոպա. ընդհանուր ժառանգություն» կարգախոսի շուրջ եւ իրենց այցելություններով նոր շունչ կհաղորդեն հազարավոր հուշարձանների եւ պատմական վայրերի:




























