Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի եւ Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդր Նեւսկիի անվան ուղղափառ հոգեւոր ակադեմիայի միջեւ համաձայնագիր է ստորագրվել: 

Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին, այդ համաձայնագիրը ստորագրել են Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ.Գեւորգ վարդապետ Սարոյանը եւ Ռուս ուղղափառ հոգեւոր ակադեմիայի ռեկտոր Ամվրոսիյ եպիսկոպոս Գատչինսկին:

Սանկտ-Պետերբուրգ կատարած այցի ընթացքում Տ.Գեւորգ վարդապետ Սարոյանը մասնակցել է նաեւ  Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր ակադեմիայի նորոգված գրադարանի բացման արարողությանը, որը նվիրված էր երկու կրթական հաստատությունների բարեկամությանը: Գրադարանի նորոգությունը կատարվել էր  Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանի օգնությամբ: Մեկ տարի առաջ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ սկսեց գործել ռուսաց լեզվի կատարելագործման լսարանը:

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ կնքվում է համաձայնագիր երկու կրթօջախների միջեւ համագործակցության լայն շրջանականերով: Համաձայանգիրը վերաբերում է կրթական, գիտական, հրատարակչական, մեթոդական ծրագրերի զարգացմանը: Տեղի կունենան նաեւ ուսանողների եւ դասախոսների փոխանակումներ, գիտատեխնիկական նոր ուսումնական մեթոդների ներդրումներ: