ԱՄՆ-ը չպետք է «քիթը խոթի» կովկասյան տարածաշրջան, կարծում է ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, ՌԴ Հանրային պալատի անդամ Մաքսիմ Շեւչենկոն։ «Ես ուզում եմ, որ ամերիկացիները դադարեն խաղաղ գործընթացի համահովանավոր լինել, որովհետեւ քանի դեռ ԱՄՆ-ը ներկա է Կովկասում, այնտեղ երբեք խաղաղություն չի լինի։ Ամերիկացիները Կովկասում պատերազմի գլխավոր հրահրողներից են, այդ թվում՝ ազգամիջյան եւ կրոնական»,- 1news.az-ին տված հարցազրույցում ասել է նա:

Դիտարկմանը, թե այսկերպ ինքն առաջարկում է վերանայել ղարաբաղյան հակամարտության միջնորդների ինստիտուտը, Շեւչենկոն նկատել է. «Ես նախկինում էլ ասում էի, հիմա էլ կրկնում եմ, որ Կովկասում խաղաղությունը պետք է ստեղծվի տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի կողմից, գերտերություններ, որոնք պատմականորեն շահեր են ունեցել Կովկասում»։

Նրա խոսքով, եթե խոսքը գնում է կոնկրետ ղարաբաղյան հակամարտության մասին՝ ապա «Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի երկխոսության դեպքում այն կարող է շատ շուտ լուծվել»։ «ԱՄՆ-ը շահագրգիռ չէ խնդրի լուծման ոչ մի տարբերակի հարցում՝ ոչ ի օգուտ Երեւանի, ոչ ի օգուտ Բաքվի։ Նրան առկախված վիճակ է հարկավոր»։