ՀԱԿ-ի սեպտեմբերի 30-ի հանրահավաքը վերջին շրջանի կարեւորագույն հանրահավաքն է լինելու, քանի որ իշխանություններն, ըստ էության, թեեւ ֆորմալ ժամկետը չի լրացել, սակայն հասարակությանը հասկացնում են, որ հրաժարվում են երկխոսությունից, ուստի ժամանակն է, որ ժողովուրդն ասի իր վճռական խոսքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Վերջինիս խոսքով, այդ առումով հանրահավաքը լինելու է կարեւորագույն փուլ հասարակության ճնշումը իշխանությունների վրա մեծացնելու համատեքստում:
Հարցին, թե ի՞նչ զարգացումներ են սպասվում հանրահավաքին, Արման Մուսինյանը պատասխանեց. «Լավագույնը կլինի, որ մենք բոլորս մասնակցենք հանրահավաքին եւ ստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները»: ՀԱԿ-ի մամուլի քարտուղարը չմանրամասնեց` արդյոք նաստացույց կամ արմատական այլ միջոցառումներ կլինե՞ն, թե` ոչ:
«Ժողովուրդն իր մասնակցությամբ վճիռ կկայացնի»,- ասաց նա:
Մուսինյանը նաեւ նշեց, որ այժմ ամբողջ թափով ընթանում են հանրահավաքի իրազեկման աշխատանքները, բոլոր տարածքային կառույցները: «Այս պահի դրությամբ, մենք շարժվում ենք ծրագրածին համապատասխան: Կառույցներն ապահովված են քարոզչամիջոցներով: Տեղի են ունենում հանդիպումներ ակտիվի եւ քաղաքացիների հետ»,- նշեց Արման Մուսինյանը` ակնկալով, որ այս հանրահավաքն ավելի բազմամարդ է լինելու:



























