Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռազմավարության մեջ փոփոխություններ չեն լինի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Անդրադառնալով խոսակցություններին, որ ՌԴ-ում Պուտինի նախագահ դառնալով, հնարավոր է, Հայաստանում էլ Ռ. Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, Բոստանջյանն ասաց. «Ռուսական երկիրը միշտ հզոր պետություն է եղել եւ ունի յուրահատուկ քաղաքականություն, որի գործընթացները պետք է քիչ առնչություն ունենան Հայաստանի նման փոքր երկրի հետ»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ այդ փոփոխությունները նպաստեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, Բոստանջյանը պատասխանեց. «Կյանքը ցույց կտա։ Ես հասկանում եմ, որ մարդիկ, որոնք զբաղվել են քաղաքական գործունեությամբ, հայտնի գործունեություն են ծավալել, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահի, հանգուցյալ Կարեն Սերոբիչի պարագայում, նրանք իրավունք ունեն ցանկության դեպքում վերադառնալ մեծ քաղաքականություն, բայց դա տեղի կունենա, թե` ոչ, չեմ կարող ասել»:
Երբ լրագրողները պնդեցին, որ պատգամավորը գնահատական տա Քոչարյանի հավանական վերադարձին, նա ասաց. «Իսկ դուք ինչի՞ց եք համոզված, որ ես ամեն ինչի տիրապետում եմ ու էդքան հասկացող եմ, չեմ իմանում` ինչ կլինի»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում որոշվել է ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, իսկ նրա հաղթանակի դեպքում երկրի վարչապետ նշանակել գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Այդ տեղեկությունից հետո Հայաստանում լուրեր տարածվեցին, որ Պուտինի վերադարձով պայմանավորված, հնարավոր է, որ Հայաստանում էլ քաղաքականություն վերադառնա Ռոբերտ Քոչարյանը:



























