«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստի հասցեին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գառնիի կիրճում գտնվող հայտնի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձան այցելելու համար անցած կիրակի զբոսաշրջիկներից պահանջել են վճարել 1000-ական դրամ` դրա դիմաց այսպես կոչված «չեկ» տալով:
«Չեկ»-ն, իր հերթին, իրենից ներկայացնում է մի կտոր դպրոցական տետրից` վրան կնիք, ձեռքով գրված համարը, գումարի չափը եւ «հանգստի գոտի» բառակապակցությունը:
Հիշեցնենք, որ այս խնդրին դեռեւս հուլիսի 26-ին անդրադարձ էր կատարել NEWS.am-ը` մեկնաբանություններ խնդրելով բնապահպանության նախարարությունից, որտեղից հայտնել էին, թե որեւէ անհատի երբեւէ չեն լիազորել Գառնիի ձորում նման գործունեություն իրականացնել: Փաստորեն, հրապարակումից 2 ամիս անց էլ «Քարերի սիմֆոնիա»-ում նույն խայտառակությունն է տիրում:Ինչպես տեղեկանում ենք «չեկի» վրա առկա կնիքից, Գառնիի ձորում անօրինական «անհատ ձեռներեցություն» է իրականացնում ոմն Շմավոն Համբարձումյանը:
Իսկ այն, որ բնապահպանության նախարարությունը, քաջատեղյակ լինելով հանդերձ, որեւէ քայլ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ, կասկածների տեղիք է տալիս գերատեսչության վերնախավում գտնվող անձանց կողմից տվյալ հարցում շահեր ունենալու մասին:
«Չենք լռելու»-ն շտապ պահանջում է բնապահպանության նախարարության պարզաբանումները բարձրացված խնդրի վերաբերյալ:































