ՄԱԿ-ում, սեպտեմբերի 28-ին, տեղի է ունեցել Անվտանգության Խորհրդի հակաահաբեկչության կոմիտեի եւ դրա ստեղծման մասին 1373 բանաձեւի 10-ամյակին նվիրված հատուկ հանդիպում, որի ընթացքում կազմակերպության անդամ երկրները` այդ թվում Հայաստանը, ներկայացրել են իրենց տեսակետները, նշված բանաձեւի իրականացման գործում: Քննարկվել է ահաբեկչության դեմ պայքարում ապագա համագործակցության ուղենիշները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, խոսելով ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում իրականացրած քայլերի մասին, նշել է, որ հակաահաբեկչության կոմիտեին նախկինում հասցեագրված համապարփակ զեկույցներում հայկական կողմը ներկայացրել է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի ու ԱՊՀ իրավական փաստաթղթերին ու պայմանագրերին Հայաստանի կողմից միանալու, վավերացնելու ու կիրառելու գործընթացները: Հաշվի առնելով ահաբեկչության անդրսահմանային բնույթը` դեսպան Նազարյանը հավելել է, որ այս կարեւորագույն բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարեւան երկրների հետ սահմանների փակ լինելը, իսկ միջազգային ասպարեզում անհրաժեշտ է լավագույնս օգտագործել  նորամուծությունների ու տեղեկատվական բնագավառներում փոխանակումների պրակտիկան: Այս համատեքստում Հայաստանը նշել է, որ կողջունի ՀԱՊԿ ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացվող հարցերում համագործակցությունը: