Գերմանիայի երկաթուղիների EVG արհմիությունը չեղյալ է հայտարարել ծրագրված 50-ժամյա գործադուլը, որը պետք է տեղի ունենար կիրակիից երեքշաբթի: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Deutsche Bahn պետական երկաթուղային օպերատորը՝ օպերատորի կողմից դատարան դիմելուց հետո, հաղորդում է Reuters-ը:
Շաբաթ օրը Deutsche Bahn-ը շտապ դիմում է ներկայացրել Մայնի Ֆրանկֆուրտի դատարան՝ պնդելով, որ պլանավորված գործադուլը անհամաչափ է եղել եւ վնաս է պատճառել ոչ մասնակից երրորդ կողմերին:
EVG-ն չեղյալ է հայտարարել գործադուլը, եւ երկու կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները, ասվում է Deutsche Bahn-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է լսումներից հետո:
EVG-ն, որը բանակցում է 230 000 աշխատողների անունից, այդ թվում ՝ 180 000-ը Deutsche Bahn-ում, ձգտում է աշխատավարձի բարձրացման 12 տոկոսով կամ առնվազն լրացուցիչ 650 եվրո ամսական:
Deutsche Bahn-ն առաջարկել է 10 տոկոս՝ ցածր եւ միջին եկամուտ ունեցող աշխատողների համար, եւ 8 տոկոս՝ ավելի բարձր եկամուտ ունեցողների համար, բայց ժամանակի ընթացքում այդ բարձրացումները կլինեն փուլային:




























