Որպես կանոն կառուցապատողները սահմանված ժամկետներում ավարտում են շինարարությունը, սակայն ավարտական ակտի տրամադրման պրոցեսում, որը փաստագրվում է Երեւան համայնքի կողմից, տեղի են ունենում ժամկետների էական ձգձգումներ եւ խախտումներ։ Դա կառուցապատողի համար առաջացնում է լուրջ ռիսկեր, լուրջ մարտահրավերներ ե՛ւ գնորդների առջեւ, ե՛ւ բանկերի առջեւ, ե՛ւ Երեւան համայնքի առջեւ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, հունիսի 1-ից շինթույլտվության մասով տուրքը բարձրանում է 10 անգամ, հետեւաբար կառուցապատողը շահագրգռված է, որ ժամ առաջ ավարտի, հանձնի, որ տույժ-տուգանքների տակ չընկնի, բայց քաղաքապետարանի վարչարարությամբ պայմանավորված, մարդիկ չեն կարողանում ավարտական ակտը ստանալ. «Հետեւաբար կառուցապատողը չի կարողանում բնակարանները հանձնել եւ սեփականության իրավունքի վկայականները տալ մարդկանց: Սա գերխնդիր է կառուցապատողների համար, որի հիմնական պատճառը Երեւան համայնքն է»:
Հարցին, թե այդ ընթացքում գնորդը կարո՞ղ է մտնել, վերանորոգում սկսել իր բնակարանում, Գուրգեն Գրիգորյանը պատասխանեց. «Օրենքի տեսանկյունից չի կարող»:
Դիտարկմանը, որ երբեմն շենքը ժամանակին պատրաստ չի լինում, Գուրգեն Գրիգորյանն ասաց. «Նման դեպքում ահռելի մեծ տեղական տուրք է սահմանված շինթույլտվության ժամկետի երկարաձգման գծով: Միաժամանակ վարչական իրավախախտումների օրենսգրքում նախագիծ է շրջանառվում, որ եթե դու շինթույլտվության երկարաձգում չանես, էական սանկցիաների տակ կընկնես:
Եթե խոսքը եռակողմ պայմանագրերի մասին, է այսինքն հիպոթեքային պայմանագրերի, բանկը հստակ սահմանում է վերջնաժամկետ, եթե մեկ ժամ անգամ շեղում լինի, կառուցապատողը հսկայական տույժ-տուգանքներ է վճարելու: Եթե ժամկետի խախտում է թույլ տվել, գնորդը կարող է դիմել դատարան՝ տույժ-տուգանքների բռնագանձման պահանջով:
«Եթե շեղումը էական է լինում, գնորդը կարող է միակողմանի պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացնել, հետ ուզել իր վճարած գումարները եւ իր կրած վնասները», – ասաց նա։
Ինչ վերաբերում է «Վերածնունդ» թաղամասին, որտեղ գազը բնակարան հասցնելու համար գնորդներից լրացուցիչ գումար են պահանջում, թեեւ պայմանագրում նշված է, որ թաղամասը գազիֆիկացված է լինելու, Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ այդ կառուցապատողը ասոցիացիայի անդամ չէ, եւ ինքը չի խորացել այդ ընկերության խոհանոցի մեջ։ Այնուամենայնիվ, հարցին՝ կարո՞ղ են գնորդներն այդ ծառայության դիմաց չվճարել, Գուրգեն Գրիգորյանը դրական պատասխան տվեց, միաժամանակ հավելելով. «Բայց եթե չտան այդ գումարները, դա էլ մի ուրիշ խնդիր է»։





























