Թերթը զրուցել է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ: Ներկայացնում ենք հայտված զրույցից:
Կան գնահատականներ, որ Կոնգրեսն ուշացել է վճռական քայլեր անելու համար, եւ ժողովուրդն արդեն հիասթափվել է ու այժմ վճռական քայլերի համար անհրաժեշտ ռեսուրսներ Կոնգրեսն այլեւս չունի: Արդյո՞ք արդարացի են այդ գնահատականները, եւ արդյո՞ք ՀԱԿ-ի ուժերը բավարար են դրված նպատակին հասնելու համար:
Ես միանշանակ այդ գնահատականի հետ համաձայն չեմ, այդ կարգի « բայղուշություններ» մենք շատ ենք լսել` ե՜ւ գարնանը, ե՜ւ ձմռանը, արդեն քանի տարի է մենք այդ «բայղուշությունները» լսում ենք: Այն մարդիկ, որոնք հանիրավի, պատվիրված կամ չարախնդալով նման գնահատականներ են տալիս` թող իրենք բարի լինեն առկա խնդիրների լուծման ուղղությամբ թեկուզ մի քայլ, մի գործ անել: Մենք մեր առջեւ դրել ենք խնդիրներ եւ համոզված գնում ենք առաջ: Իհարկե, մի օր լավ կլինի, մի օր վայրիվերումներ կլինեն, մարդկանց քանակի հետ կապված որոշակի խնդիրներ կլինեն, բայց այն ուղին, որ մենք ընտրել ենք՝ ցանկանալով կայացնել ժողովրդավարական պետություն, օլիգարխիայի մեջքը կոտրելը, սոցիալական արդարության վերականգնումը, իրավական պետության տարրերի ստեղծումը, միշտ արդիական է, եւ այս հարցերը միշտ եղել են այն վառ ուղեցույցները, որոնց ձգտելու են հազարավոր մարդիկ եւ հասնելու են իրենց նպատակին: Եթե անգամ քաղաքական ընդդիմություն չլիներ՝ հանձինս Հայ ազգային կոնգրեսի, միեւնույն է, այս իշխանական համակարգով այս երկրին ապագա չի սպասվում, եւ այն փոխելը անհրաժեշտ է:
Իսկ արտահերթ ընտրություններ իրականացնելու ժամանակն արդյոք անցած չէ՞:
Հայ ազգային կոնգրեսը քաղաքական կառույց է եւ երկրում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին ամենաակտիվ մասնակցությունն է ունենում եւ ունենալու է, անգամ եթե մենք գտնում ենք, որ միակ ճիշտ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:
Այսինքն՝ եթե չլինեն արտահերթ ընտրություններ, ՀԱԿ-ը կգնա՞ հերթական ընտրությունների:
Միանշանակ, մենք երկրում ընթացող բոլոր քաղաքական պրոցեսներին մասնակցելու ենք, մեր գերնպատակը ժողովրդին հաճո իշխանություն ձեւավորելն է, իսկ ընտրությունները այդ նպատակին հասնելու համար լոկ միջոց են:




























