Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային Ժողովում կհայտնվեն հիմնական խաղացողները, նաեւ Հայ ազգային կոնգրեսը, սակայն բացառություն, թերեւս, կկազմի «Ժառանգություն» կուսակցությունը, որը դժվար թե հաղթահարի 5 տոկոսի արգելքը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը, սեպտեմբերի 30-ին, հայտնել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: 

Նրա դիտարկմամբ, «Ժառանգությունը» չի հավաքի անհրաժեշտ թվով ձայներ, քանի որ կուսակցության վարկանիշը բավական ցածր է, մինչդեռ 2007թ. երբ կուսակցությունը մասնակցում էր ընտրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքականության մեջ խարիզմատիկ անձ էր համարվում, սակայն ժամանակի ընթացքում այդ վարկանիշը մսխվել է: Քոչարյանը կարծում է, որ քաղաքական ուժերն արդեն սկսել են ոչ պաշտոնական քարոզարշավը: Բացի հիմնական խաղացողներից, քարոզարշավ են սկսել նաեւ այն կուսակցությունները, որոնք ցանկանում են ինչ-որ բան «Ճմկտել»: 

«Կակտիվանան նաեւ մարդ-կուսակցությունները, որոնք իրենց աջակցությունը կառաջարկեն եւ ընդդիմությանը, եւ իշխանությանը` փորձելով շանտաժի ենթարկել վերջիններիս: Թե ինչ կշահեն, թերեւս պարզ չէ, միգուցե խոստումներ, սակայն հստակ չէ` կկատարվեն այդ խոստումները, թե` ոչ»,- ասել է քաղտեխնոլոգը:

Հարցին, թե կլինի՞ արդյոք նոր քաղաքական ուժ, նա պատասխանեց, թե ԱԺ-ում կլինի ՀԱԿ-ը, իսկ քաղաքական դաշտում նոր ուժ չի հայտնվի: