Ազգային ինքնորոշում միավորման` միասնական ճակատ ձեւավորելու առաջարկությանն արձագանքել են բոլոր կուսակցությունները: Այս մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ 7 կուսակցություն արդեն տվել է իր համաձայնությունն այդ գաղափարին, 3 կուսակցություն հիացմունք է հայտնել, բայց չեն միացնել:
Նա նշեց, որ պետք է հանդիպեն կուսակցությունների ակտիվին եւ նրանց ներկայացնեն կատարյալ ժողովրդավարության մոդելը, արդեն հանդիպել են ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի հետ, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ դեռ պետք է հանդիպեն, իսկ ՀՀԿ-ից զանգահարել են եւ ասել, որ անպայման այդ հարցին կանդրադառնան: «Ես 7 տոկոսի համար պայքարի մեջ չեմ մտնի, մեր ազգային կյանքը փոխելու համար պետք է 51 տոկոսը ստանալ, կամ ունենալ թիմ, որ 51 տոկոսը կստանա, կամ եթե 10-15 տոկոս եմ ստանալու, ավելի լավ է բնական հավերով եւ ոչխարներով զբաղվեմ, քան անբնական»,- նշեց Պ. Հայրիկյանը:
Նրա կանխատեսմամբ` Հայաստանի քաղաքական դաշտում փոփոխություններ կարող են լինել նախեւառաջ ընդդիմադիր դաշտում, իսկ եթե որեւէ փոփոխություն չլինի, ապա կլինի երկու բեւեռ` իշխանություն եւ ՀԱԿ: «Ես ինքնանպատակ չեմ համարում նոր բեւեռ ստեղծելու խնդիրը, դա ոչ միայն չեմ բացառում, այլեւ այդ ուղղությամբ աշխատում եմ ոչ թե ՀՀՇ-ականներին դեմ լինելու կամ նրանց էությունը անցյալում շատ ավելի լավ տեսած լինելու պատճառով, այլ ուզում եմ, որ արժեքային համակարգի շուրջ համախմբվենք»,- ասաց Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ ՀԱԿ-ին միանալու համար պետք է կորցնել հիշողությունը:
Անդրադառնալով ՀԱԿ-ին, մասնավորապես առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` Պարույր Հայրիկյանը նշեց, որ Սահմանադրությամբ ընդհանրապես առաջին նախագահ չի եղել, բայց բոլորը համարում են օրինական ընտրված: «Սահմանադրությամբ ասված է, որ եթե թեկնածուներից մեկի ճանապարհին ընտրության ժամանակ խոչընդոտ է լինում, ապա ընտրությունները երկու շաբաթով հետաձգվում են, հակառակ դեպքում` դրանք անվավեր են համարվում»,- ասաց ԱԻՄ ղեկավարը` հավելելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք դատարանը որոշում է ընդունել, որ թեկնածուներից մեկի ճանապարհին խոչընդոտ է եղել եւ որոշում ընդունած դատավորի մի քանի ամիս անց դատվում է կաշառակերության մեղադրանքով:




























