Մեխիկոյի Բենիտո Խուարեսի անվան միջազգային օդանավակայանը շաբաթ օրը վաղ առավոտյան տեղեկացրել է, որ դադարեցնում է աշխատանքը Պոպոկատեպետլ հրաբխի մոխրասյան պատճառով, հրաբուխն ակտիվացել է մի քանի օրվա ընթացքում, տեղեկացրել է Reuters-ը։

«Մոխրի առկայության պատճառով օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը առավոտյան ժամը 04.25-ին։ Մենք ձեզ տեղյակ կպահենք։ Թռիչքների անվտանգության նպատակներով օդանավակայնաի փակումը կերկարացվի եւս երկու ժամով»,- նշվել է օդանավակայանի թվիթերյան հաղորդագրությունում։

Օդանավակայանների եւ ավիաընկերությունների անձնակազմը ստուգում եւ մաքրում է թռիչքուղիները, ավելացրել է նա։

Գրինվիչի ժամանակով ժամը 15.15-ին բոլոր չվերթները նախկինի պես դադարեցված են։

Պոպոկատեպետլը (նաուտալ լեզվով՝ «բլուր, որը ծուխ է արձակում») գտնվում է Մեխիկոյից 72 կիլոմետր հարավ-արեւելք։

Այն ժամանակվանից, երբ 1994թ. սկսվեց ժայթքման նոր փուլը, հրաբուխը դարձել է ուշադրության առարկաներից մեկն աշխարհում, նրան ուշադիր հետեւում են գիտնականները, խցիկներն ու գրանցասարքերը։

Այն վտանգ է ներկայացնում Մեխիկոյի արեւելյան ծայրամասում ապրող միլիոնավոր մարդկանց համար, այստեղ ապրում է 22 մլն մարդ։ Այս շաբաթ ավելի վաղ հրաբխի մոխրի պատճառով մի քանի քաղաքներում փակվել են դպրոցները։