Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքները վերջին ամիսներին ընդգրկել են Ֆրանսիան, բայց ցույցերը հիմնականում զսպվում էին երկրի ամենավառ միջոցառումներից մեկում՝ Կաննի կինոփառատոնում, տեղեկացնում է The Associated Press-ը։

Կիրակի տասնյակ ցուցարարներ էին հավաքվել Կաննում, որպեսզի բողոքեն բարեփոխումների անցկացման դեմ, որոնք երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունն առաջ է մղում խորհրդարանի միջոցով։ Սակայն այս ցույցերը տեղի էին ունենում կինոփառատոնի անցկացման կենտրոնից՝ Փառատոների պալատից, հեռու։ Դրա փոխարեն նրանք հավաքվել էին քաղաքի ծայրամասի Կարնո պուրակում։

Փառատոնի նախաշեմին Կաննի իշխանությունները կարգադրել էին քաղաքի տարածքի մեծ մասում  արգելել հանրահավաքները։ Այս քայլը Ֆրանսիայով մեկ հայտնի վայրերում հանրահավաքների արգելման հաճախակի փորձերից մեկն էր։ Արհմիությունները կոչ արեցին հունիսի 6-ին համազգային ցույցերի նոր փուլ սկսել։

Արգելքը Կաննի հայտնի կարմիր ուղեգորգն ազատեց  հանրահավաքներից։

Մեկ բացառություն եղավ ուրբաթ օրը։ Հիվանդանոցի աշխատողները, շրջանցելով արգելքը, բողոքի ցույց արեցին Carlton հյուրանոցի առաջ, որտեղ կինոփառատոնի ժամանակ կանգ են առնում  բազմաթիվ աստղեր։ Հյուրանոցների և հասարակական սննդի աշխատողները բռնել էին պաստառ, որի վրա գրված էր «Ոչ կենսաթոշակային բարեփոխմանը»։

Աշխատանքային պայքարն իր ազդեցությունն էր թողել այս տարվա Կաննի կինոփառատոնի վրա, որն անցկացվում էր հոլիվուդյան սցենարիստների գործադուլի ժամանակ։ Ֆիլմերի և հեռուստահաղորդումների սցենարիստները ձգտում են հասնել աշխատավարձի բարձրացման, բարեփոխումների՝ հոսքային հեռարձակման դարաշրջանում, և երաշխիքների՝ արհեստական ինտելեկտ օգտագործելուց։