Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով դեկտեմբերի 7-ին կայցելի Միացյալ Նահանգներ: Այդ մասին հաղորդում է TRT-ն՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետի աշխատակազմի մամուլի կենտրոնը։

Առաջիկա հանդիպման ընթացքում քննարկվելու են Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակվեն երկու երկրների օրակարգերում ընդգրկված տարածաշրջանային այժմեական ու գլոբալ խնդիրների վերաբերյալ։

«Թուրքիան ու ԱՄՆ-ը Իրաքին, Աֆղանստանին, Մերձավոր Արեւելքին, Բալկանյան երկրներին, Միջերկրական ծովի արեւելյան հատվածին ու Կովկասին վերաբերող, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարին, էներգետիկ անվտանգության ապահովմանն ու համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված լայնամասշտաբ համագործակցություն են իրականացնում»,- ասված է վարչապետի մամուլի կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ հոկտեմբերի վերջ պետք է մեկներ ԱՄՆ։ Սակայն Էրդողանը իր այցը հետաձգեց՝ Թուրքիայի հանրապետության տոնի կապակցությամբ։ Թուրքական Nethaber կայքէջը փոխանցել էր, որ Էրդողանի այցի ընթացքում ԱՄՆ-ում կքննարկվեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Ղարաբաղի, Աֆղանստանի, Կիպրոսի եւ Իրանի հետ կապված խնդիրները։ Էրդողանը Իրան կատարած այցի ժամանակ ստացած ուղերձները ԱՄՆ-ում կփոխանցի Օբամային։