Հայաստանում առաջին անգամ, հոկտեմբերի 3-9-ին տեղի կունենա ավելի քան 9 մլն դրամ մրցանակային ֆոնդով (25 000 ԱՄՆ դոլար) թենիսի Futures դասի կանանց մրցաշար, որն անցկացնում է Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան` Վիվա-Սել ՄՏՍ-ի հովանավորությամբ:

Թենիսի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 200 թենիսիստուհիներ, այդ թվում նաեւ աշխարհի 130-րդ համար հանդիսացող  Լեսյա Ցուրենկոն (Ուկրաինա), 176-րդ համար Մարգալիտա Չախնաշվիլին (Վրաստան) եւ այլ հայտնի թենիսիստուհիներ:

Հոկտեմբերի 1-2-ին, տեղի կունենան մրցաշարի նախընտրական խաղերը, իսկ հոկտեմբերի 3-ից կմեկնարկեն հիմնական խաղերը:Խաղերը ընթանալու են ամեն օր «Orange Tennis» ակումբում առավոտյան ժամը 10-ից:

Մրցաշարին անմիջապես կհաջորդի հոկտեմբերի 10-16-ին կայանալիք «Play City Cup»-ը` 10 հազար ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով:

Մրցաշարերը դատելու են Միջազգային Թենիսի Ֆեդերացիա մրցավարներ:Հիշեցնենք, որ այս տարի Երեւանում արդեն անցկացվել են միջազգային յոթ պատանեկան, երկու Futures դասի տղամարդկանց մրցաշարեր: Նկատենք, որ Հայաստանում անցկացվող միջազգային բոլոր մրցաշարերը հայ թենիսիստներին օգնում են բարձրացնել իրենց վարկանիշը` մնալով Հայաստանում: