Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, սեպտեմբերի 28-ին, կայացել է Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի հերթական նիստը, որտեղ ի շարս քննարկվող հարցերի, անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող «Խղճի եւ կրոնական ազատությունների» մասին օրինագծին:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ այս առնչությամբ խնդրո առարկա հարցերի լուծման մեջ խորհուրդն ընդգծել է կարեւորությունը հարազատ մնալու հայ ժողովրդի ազգային եւ մշակութային ավանդույթներին, հարգելու մարդու հիմնարար ազատությունները եւ Հայաստանի տարածքում գործող ավանդական Եկեղեցիների ու ազգային-կրոնական փոքրամասնությունների իրավունքները:
Նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձել է Հայաստանում Ավետարանական համայնքների եւ խարիզմատիկ շարժումների ներկայացուցիչների գործունեությանը` դատապարտելով հասարակության մեջ կրոնական անհանդուրժողականության պատրանք ստեղծելու եւ այս պայմաններում արտոնություններ կորզելու նրանց մերժելի գործելակերպը: Խորհուրդն անընդունելի է համարել նաեւ Ավետարանական համայնքների հովիվների գործողությունները` հորդորելով հրաժարվել հոգեորսության միջոցով իրենց համայնքներն ընդլայնելու մտադրություններից եւ որդեգրած հակաէկումենիկ ընթացքից:




























