2023թ. «Բուքերի» միջազգային մրցանակի հաղթող է ճանաչվել բուլղար գրող Գեորգի Գոսպոդինովը՝ «Ժամանակի ապաստարան» (Time Shelter) վեպի հեղինակը, տեղեկացրել է մրցանակի կայքը։
Սկզբում վեպը գրվել է բուլղարերեն, այն հետո անգլերեն է թարգմանել Անջելա Ռոդելը (մրցանակը շնորհվում է անգլերեն ստեղծագործության համար)։
Գիրքը պատմում է միստիֆիկատոր Գաուստինի կողմից «Անցյալի վերադարձը» կլինիկայի ստեղծման մասին։ Այնտեղ յուրաքանչյուր հարկում վերարտադրվում է մի տասնամյակ, դրա համար օգտագործվում են տարբերի դետալներ՝ կահույք, հագուստ, բույրեր եւ այլն։ Այսպիսով, Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց օգնում են, որ հուշերը վերարթնանան։ Պատումը ներկայացվում է Գաուստինի օգնականի անունից։
Անցյալի դետալացմանը զուգընթաց՝ կլինիկա են գալիս առողջ մարդիկ, որոնք դիմում են անցյալին ներկայի «սարսափների» եւ անհրապույր ապագայի պատճառով։ Նրանց համար կլինիկան դառնում է «ժամանակի ապաստարան», սակայն պարզ չէ, թե ինչի է դա հանգեցնում։
«Մեր դափնեկիրը՝ «Ժամանակի ապաստարանը», փայլուն վեպ է, լի հեգնանքով եւ մելամաղձությամբ։ Սա խոր ստեղծագործություն է՝ նվիրված շատ արդիական հարցի՝ ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ, երբ մեր հիշողություններն անհետանում են։ Գեորգի Գոսպոդինովին զարմանալիորեն հաջողվում է գործ ունենալ ինչպես անհատական, այնպես էլ հավաքական ճակատագրերի հետ, եւ ինտիմի եւ ունիվերսալի միջեւ հենց այդ բարդ հավասարակշռությունն է համոզել ու հուզել մեզ»,- ասել է մրցանակի ժյուրիի ղեկավար Լեյլա Սլիմանին։
Գոսպոդինովը ծնվել է 1968թ. Բուլղարիայում։ «Ժամանակի ապաստարանը» նրա երրորդ վեպն է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 25 լեզուներով, այդ թվում եւ ռուսերեն։ Ինչպես նշվել է մրցանակի կայքում, Գոսպոդինովը «ամենաշատ թարգմանվող եւ ամենից շատ թվով միջազգային մրցանակների արժանացած» բուլղար գրողն է, որը հրապարակվում է «կոմունիզմի անկումից» հետո։





























