Գիտնականները մասշտաբային հետազոտություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի խորքում, որպեսզի գնահատեն կենսաբազմազանությանն սպառնացող վտանգը։ Հայտնաբերված հինգ հազար կենդանիներից գիտությանը հայտնի էին միայն չորս հարյուրը։
Կենսաբանները դիտել են տվյալների շտեմարանի հազարավոր տեսագրություններ՝ կազմելու համար դրանց մանրամասն ցանկը։ Տեսակների 90 տոկոսը դեռ պետք է պաշտոնական գիտական անվանում ստանա, եւ որոշվի դրանց տեղը էկոհամակարգում։
Կենդանիները զարգացել են մեկուսացված, միլիոնավոր տարիների ընթացքում, սառը եւ մութ օվկիանոսային հատակի պայմաններում։ Դրանց մեջ կան արտասովոր որդեր, վառ գունավորում ունեցող ծովային վարունգներ եւ մարջաններ։
Հետազոտությունն իրականացվել է օվկիանոսի հատակի այն տեղամասում, որը նշանակված է եղել օգտակար հանածոների խորջրյա արդյունահանման համար։





























