Հարավային Կորեայում Asiana Airlines ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի ժամանակ ինքնաթիռի դուռը բացած տղամարդը ձերբակալվել է։

Բոլոր 194 ուղեւորները ողջ են մնացել, ուրբաթ օրը ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Թեգու միջազգային օդանավակայանում, բայց բաց դռնով։

Որոշ ուղեւորներ կորցրել են գիտակցությունը, մյուսները շնչառական խնդիրներ են ունեցել, եւ նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

30-ամյա ուղեւորը հայտնել է, որ շնչահեղձության զգացողություն է ունեցել եւ ցանկացել է դուրս գալ ինքնաթիռից, տեղեկացրել է Yonhap տեղեկատվական գործակալությունը։

Ոստիկանության տվյալներով՝ հարցաքննության ժամանակ տղամարդն ասել է, որ աշխատանքը կորցնելուց հետո սթրես է ապրում։

Airbus A321-200-ի OZ8124 չվերթը ուրբաթ Չեջու կղզուց սկսվել էր տեղի ժամանակով ժամը 11.45-ին։

Վայրէջքի ժամանակ ուղեւորը բացել է վթարային դուռը, երբ ինքնաթիռը երկրից 250 մետր բարձրության վրա էր։

Նրան չեն կարողացել կանգնեցնել, որովհետեւ ինքնաթիռն արդեն պատրաստվում էր նստել, նշել են ականատեսները։

Նրանց խոսքով՝ տղամարդը փորձել է դուրս ցատկել ինքնաթիռից դռան բացվելուց հետո։

Ուղեւորները նկարագրել են խուճապն ինքնաթիռում. «Դա քաոս էր, մարդիկ կորցնում էին գիտակցությունը, իսկ ուղեկցորդները բժիշկ էին կանչում»,- ասել է ուղեւորներից մեկը Yonhap-ի հարցազրույցում։

Ինքնաթիռում նաեւ դպրոցական տարիքի մի քանի երեխաներ կային, որոնք հանգստյան օրերին մեկնում էին մարզական մրցման։