Ոստիկանությունը Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած շուրջօրյա հանրահավաքներն անօրինական է համարում:

Ոստիկանները, երեկ` սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան հանրահավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին բարձրախոսով իրազեկել են, որ նրանց գործողություններն անօրինական են, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանի իրազեկման մեջ նշված չի եղել այդ մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հարցին, թե եթե հանրահավաքի մասնակիցների գործողությունները օրենքի շրջանակներից դուրս են, ի՞նչ միջոցներ է ձեռնարկում ոստիկանությունը անօրինականությունը վերացնելու ուղղությամբ, Ահարոնյանը հղում արեց օրենքին` նշելով. «Օրենքի մեջ գրված է, որ այո, դա խախտում է, բայց ոստիկանությունը կարող է միջամտել, երբ վտանգ է սպառնում հասարակական կարգին: Ոստիկանությունը զգուշացրել է մասնակիցներին, կզգուշացնի եւ կգործի ըստ անհրաժեշտության»:

Նրա խոսքով`գիշերվա ընթացքում, ընդհանուր առմամբ, միջադեպեր չեն գրանցվել, ոստիկանությունն իր ծառայությունը կատարել է եւ պահպանել հասարակական կարգը: 

Նշենք, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է բողոքի անընդմեջ ակցիա սկսելու մասին: Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջում: Միաժամանակ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել իշխանությունների հետ առկախված երկխոսությունը: Հոկտեմբերի 1-ին, ժամը 15-ին մեկնարկելու է հերթական հանրահավաքը: