Երեկ` սեպտեմբերի 30-ի ամբողջ օրը եւ այսօր վաղ առավոտից Գյումրիի բնակիչները բողոքում են, որ դեպի Երեւան ճանապարհները փակ են. Գյումրի-Երեւան ուղղությամբ միկրոավտոբուսներ եւ տաքսի մեքենաներ չեն աշխատում, Գյումրիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Գյումրի» ավտոկայարանի տնօրինությունից հավաստում են, որ Գյումրիից Երեւան «ԳԱԶԵԼ»-ները աշխատում են նորմալ գրաֆիկով, իսկ մարդկային կուտակումների պատճառն այն է, որ այս երկու օրերին անհամեմատ մեծ թվով քաղաքացիներ որոշել են մեկնել Երեւան:
Այնինչ «Գյումրի» ավտոկայարանի դիմաց խմբված քաղաքացիների խոսքով՝ իրենք ժամերով սպասում են, սակայն «ԳԱԶԵԼ»-ները կանգնած, հրաժարվում են մեկնել: Նրանց մի մասը վստահեցրել է, որ սպասում են դեռ երեկվանից:
«Պատճառը գիտենք որն է, որովհետեւ երեկվանից հանրահավաք է մայրաքաղաքում, հիմա չեմ հասկանում ամեն անգամ պիտի այսպես խաղե՞ր խաղան: Մենք չենք կարող սպասել, հիվանդանոց ենք գնում «Էրեբունի»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյուրիի Անի թաղամասի բնակիչ Հարություն Ղուկասյանը: Իսկ Երեւանի բնակիչ Ստեփան Ղուկասյանի հավաստմամբ, արդեն 2 օր հյուր է Գյումրիում, սակայն վերադառնալ չի կարող, որովհետեւ արդեն 2 օր Գյումրիից Երեւան ոչ «ԳԱԶԵԼ» է մեկնում, ոչ` տաքսի:Նույնպիսի իրավիճակ է նաեւ Արտաշատում, որտեղից նույնպես մարդիկ չեն կարողանում հասնել Երեւան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է բողոքի անընդմեջ ակցիա սկսելու մասին: Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջում: Այսօր` հոկտեմբերի 1-ին, ժամը 15-ին մեկնարկելու է հերթական հանրահավաքը:




























