Երեւանում հոկտեմբերի 1-8-ին անցկացվելու է «Հայ Ֆեստ-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա Կ. Ստանիսլավսկիի անվան Ռուսական դրամատիկական թատրոնում հունգարական «Փի-Ար-Էվորուշն» պարային ընկերության «Կապույտ մարդիկ» ներկայացմամբ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: 

Այս տարի փառատոնն անցնում է «Տես թատրոն, լսիր թատրոն, խոսիր թատրոնից» կարգախոսով: Նրա խոսքով` «Հայ ֆեստ-2011»-ին հանդես կգա շուրջ 18 երկրի 30 թատերախումբ, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից եւ այլն: «Հայ Ֆեստի» շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի Tango de soledad («Մենության տանգո»-ն) 3D ներկայացումը` Բիլլի Քոուի բեմադրությամբ, որն այս տարի ընդգրկված է եղել Էդինբուրգի փառատոնին:

Փառատոնին կմասնակցեն հեղինակավոր թատրոններ` Բուլղարիայից «Կրեդո» թատրոնը, Վրաստանից Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնը, Մեծ Բրիտանիայից Մերկուրի թատրոնը, ինչպես նաւե հայկական թատրոնները: Թատերասերները հնարավորություն կունեն դիտել իրերի թատրոն, դրամատիկական, երաժշտական եւ պարային ժանրերի ներկայացումներ:

Փառատոնը վարպետության դասընթացներով  հյուրընկալել է միջազգային փորձագետների:Նշենք, որ 2006թ «Հայ Ֆեստը» նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում գլխավոր թատերական փառատոնն է, որի գլխավոր նպատակն է ներկայացնել համաշխարհային մշակույթը եւ նպաստել կատարողական արվեստի զարգացմանը: