Ղազախական ընկերությունների՝ ներքին սակագներով ՌԴ երկաթուղով փոխադրումների հասանելիության մասին հարցի պատասխանն էր պարունակվում այն երկտողում, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, որը տեղի է ունեցել մայիսի 25-ին Մոսկվայում։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Այդ երկտողում պարունակվում է ռուսական կողմի պատասխանն այն հարցին, որն առաջադրվել է ԵԱՏՄ ղեկավարների նեղ կազմով հանդիպման ընթացքում։ Խոսքը ղազախական բեռնառաք ընկերությունների՝ Ռուսաստանի երկաթուղով ներքին սակագներով փոխադրումների հասանելիության մասին է»,- ասել է Ժելդիբայը։

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի կառավարությունը կարծում է, որ Ղազախստանի տարածքի համար նախատեսված ապրանքները կարող են օգտվել արտոնյալ սակագներից, իսկ այն ապրանքները, որոնք տարանցմամբ են անցնում Ռուսաստանի տարածքով, պետք է ունենան արտահանման սակագներ»։

«Նախագահը երկտողով հանձնարարություն է տվել մեր կառավարությանը՝ շարունակել բանակցությունները ռուսական կողմի հետ այս հարցի վերաբերյալ՝ 2015թ. ԵԱՏՄ ստեղծման պայմանագրի սկզբունքների հիման վրա»,- ասել է մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ կադրեր էին տարածել, որտեղ երեւում է, որ ԵԲՏԽ նիստի ժամանակ Պուտինը երկտող է հանձնում Տոկաեւին։ Ղազախստանի նախագահը, այն կարդալուց հետո, գրավոր հանձնարարություն է փոխանցել հանրապետության կառավարության անդամներին։