Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, հոկտեմբերի 1-ին` Տարեցների միջազգային օրը, Երեւանի վարչական շրջանների շուրջ 65 տարեցների համար կազմակերպել էին էքսկուրսիա։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանի տրամադրած ավտոբուսներով տարեցները մայրաքաղաքին նվիրված երաժշտության նվագակցության ներքո երկժամյա շրջագայություն են ունեցել քաղաքի տեսարժան վայրերով։ Տոնական օրվա առթիվ նրանց տրվել են նաեւ նվերներ։Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական եւ սոցիալական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշել է, որ իրենց հիմնադրամը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարեց մարդկանց՝ նրանց համար իրականացնելով բազմաթիվ ծրագրեր։ «Տարեցների միջազգային օրվա առթիվ իրականացվող այս ծրագրի շրջանակներում ներգրավված են նաեւ երիտասարդներ։ Հիմնադրամը կարեւորում է սերունդների համագործակցությունը։ Բնականաբար, երիտասարդները, շփվելով ծերերի հետ, շատ բան կսովորեն նրանցից, իսկ մեծահասակներն էլ կզգան երիտասարդների հոգածությունն ու ջերմությունը»,- ասել է նա:




























