Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կհրատարակի «Ապագա մանկավարժ» ուսանողական ամսաթերթը: 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ թերթի հրատարակումը կնպաստի ուսանողական ինքնակառավարման զարգացմանը, ինչպես նաեւ՝ կլուսաբանվեն ուսանողական հիմնախնդիրներն ու երիտասարդական միջոցառումները։ Պարբերականի հրատարակումը ստեղծագործող ուսանողներին հնարավորություն կտա տպագրել իրենց ստեղծագործություններն ու հոդվածները։ Նշենք, որ «Ապագա մանկավարժը» ՀՀ ուսանողական ինքնակառավարման մարմինների կողմից տպագրվող առաջին պարբերականներից է: Այն հրատարակվել է 2002-2009թթ.:

Պարբերականի վերահրատարակումը թերթի շուրջ կհամախմբի բազմաթիվ ակտիվ եւ ստեղծագործող ուսանողների։ Բացի այդ, համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի շնորհալի շատ ուսանողներ կընդգրկվեն ամսաթերթի հրատարակման աշխատանքներում, որտեղ նրանք կկատարեն իրենց մասնագիտական գործունեության առաջին փորձը: 1000 օրինակ տպաքանակով «Ապագա մանկավարժ» ուսանողական ամսաթերթը բաղկացած է 24 էջից, ամբողջությամբ գունավոր է, ունենալու է նաեւ ռուսերեն եւ անգլերեն էջեր։ Թերթի հիմնական խորագրերն են` «Մեր մշակույթը»,  «Մեր հայտնի շրջանավարտները», «Մեր մեծերը», «Մեր ֆակուլտետները», «Ազգային դաստիարակություն», «Ստեղծագործում են ուսանողները»: