Facebook սոցիալական ցանցում ձեւավորված «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը, հաշվի առնելով վերջին օրերին (մասնավորապես սեպտեմբերի 30-ից) մարզերից Երեւան եկող տրանպորտի բացակայությունն ու պատկան մարմինների` քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի զանգվածային խախտման դեպքերը, պահանջում է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի հրաժարականը: Այս մասին նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Facebook-ում, որում, մասնավորապես, ասվում է, «Քանի որ նախարարը ի վիճակի չէ վերահսկել ոլորտը եւ ոչ էլ առանձնակի ցանկություն է դրսեւորում որեւէ բան անելու, պետք է հրաժարականի դիմում ներկայացնի»:

Նախաձեռնության անդամները պատրաստել են նաեւ հրաժարականի տեքստը, որը ներկայացնում ենք ստորեւ.«Հարգելի համերկրացիներ,Ես` Մանուկ Վարդանյանս, լինելով Տրանսպորտի եւ կապի նախարար, ապահովել եմ ձեզ տրանսպորտի այնպիսի միջոցներով, որի մեջ դուք ստիպված եք եղել կռանալ ծալապատիկ, հպվել հասարակական տրանսպորտից օգտվող այլ քաղաքացիների:

Բարենպաստ պայմաններ եմ ստեղծել ջեբկիրների համար` իրենց «գործն» անելու, վարորդներին թույլ եմ տվել ոչ հիգիենիկ տեսքով սպասարկել հասարակությանը, ինչի հետեւանքով ձեզնից շատերը ձեռք են բերել նյարդային բազմաթիվ հիվանդություններ եւ ՎՏԱՆԳԵԼ ԵՆ ԿՅԱՆՔԸ (ոմանք նույնիսկ զոհն են դարձել` իմ վերահսկմամբ գործող տրանսպորտային վթարների), իսկ վերջին շրջանում քաղաքական ենթատեքստով կոպտորեն խախտում եմ մարդու` ազատ տեղաշարժվելու իրավունքը` նպաստելով դրանով մարդու` կարծիք ու տեղեկություն արտահայտելու, ստանալու եւ տարածելու իրավունքների խախտմանը:

Հաշվի առնելով այս եւ մի շարք այլ փաստեր` բարոյապես ինձ թույլ չեմ տալիս շարունակել նման իրավիճակն ու հայտնում եմ իմ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ մասին:Հույս ունեմ ապագայում տեսնել ձեզ առավել արժանապատիվ եւ մարդկային պայմաններում երթեւեկելիս:Հարգանքներով` Մանուկ Վարդանյան»:

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստավում է նաեւ բողոքի ակցիաներ իրականացնել Կապի եւ տրանսպորտի նախարարության դիմաց, ինչպես նաեւ այցելել տարբեր մարզեր` մոնիտորինգ իրականացնելու:

Բացի այդ, նախաձեռնության ակտիվիստները մտադիր են գրավոր տեսքով մարզերից տրանսպորտի բացակայության վերաբերյալ պարզաբանումներ ստանալ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից ու «Հայավտոկայարան» ընկերությունից: